ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն  այսօր հրավիրել է խորհրդակցություն՝ պտուղբանջարեղեն վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվել են  մթերման սեզոնի մեկնարկին առնչվող հարցեր, մասնավորապես, ծիրանի մթերման աշխատանքների կազմակերպման խնդիրը:

«Այս տարի առատ բերք է սպասվում, բերքահավաքի աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, եւ վերամշակող ընկերությունները պետք է պատրաստ լինեն պատշաճ կերպով կազմակերպել մթերումները», - նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:

Նախարարն առանձնահատուկ ընդգծել է մթերման աշխատանքները սահուն եւ ժամանակին  կազմակերպելու անհրաժեշտությունը:

Նախարարի խոսքով, այս տարի հատկապես ծիրանի առատ բերք է սպասվում, եւ ակնկալվում է, որ արտադրության ծավալները կգերազանցեն անգամ 2013 թվականի ցուցանիշները: Նախարարը նաեւ հավելել է, որ այս տարի նախատեսվում է ապահովել ծիրանի մեծածավալ արտահանումներ պայմանավորված Հայաստանի անդամակցությամբ Եվրասիական տնտեսական միությանը՝ հայտնելով, որ հայկական ծիրանը մեծ պահանջարկ ունի հատկապես ռուսաստանյան շուկայում:

Նախարարը հորդորել է նաեւ տեղական ընկերություններին ակտիվորեն մասնակցել արտասահմանյան գյուղատնտեսական ցուցահանդեսներին՝ վստահություն հայտնելով, որ դա կնպաստի ինչպես հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացմանը, այնպես էլ գործարար նոր կապերի հաստատմանն ու աշխուժացմանը:

Ծանոթանալով ընկերությունների ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցերին՝ նախարարն իր հերթին պատրաստակամություն է հայտնել հնարավորության սահմաններում աջակցել լուծումներ գտնելու հարցում: