Թուրքիայի արտաքին քաղաքականությունն էականորեն տարբերվում է ՆԱՏՕ-ի քաղաքականությունից: Այս մասին, այսօր՝ հունիսի 19-ին, Երեւանում ընթացող ՆԱՏՕ-ի ԽՎ «Rose-Roth» 89-րդ սեմինարի ժամանակ հայտարարել է Տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի ավագ վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը:

Նրա խոսքով, Թուրքիայի դիրքորոշումը «Իսլամական պետություն» խմբավորման գործողությունների հարցում չի համընկնում ՆԱՏՕ-ի շահերին: «Նույնը վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին: Հայաստան-Թուրքիա հարաբերությունները ունեն առանցքային նշանակություն Հարավային Կովկասի անվտանգության համար, դա Հայաստան-ՆԱՏՕ սահմանն է»,-նկատել է Շահնազարյանը:

Նրա խոսքով Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններին առանց նախապայմանների: «Իմ խորը համոզմամբ, Թուրքիայում ներկա իրավիճակը հույս է ներշնչում, որ Անկարան ինչ-որ առումով կարող է փոխել իր արտաքին քաղաքականությունը եւ կարեւորություն է տալիս ԵՄ-ի, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի հետ իր հարաբերություններին»,-հավելել է Դավիթ Շահնազարյանը:

Նա հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի ԽՎ-ն անաչառ մոտեցում կդրսեւորի հայ-թուրքական հարաբերությունների հարցում: