2015 թվականի վերջին Հայաստանի պետական պարտքը կարող է կազմել 4.8-4.9 մլրդ դոլար: Այս մասին հունիսի 19-ին խորհրդարանում հայտարարեց Հայաստանի Ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:

Անցյալ տարեվերջին մեր երկրի արտաքին պարտքը կազմել է շուրջ 4.4 մլրդ դոլար՝ 10.88 մլրդ ՀՆԱ-ի պարագայում: Այսպիսով, պետական պարտքի եւ ՀՆԱ-ի հարաբերակցությունը կազմել է շուրջ 40.4%:

Այս տարվա համար առայժմ կարելի է միայն կանխատեսումներ անել, քանի որ սպասվող մի քանի վարկային ծրագրեր կարող են չհաստատվել, իսկ հաստատվածների ֆինանսավորումը կարող է հետաձգվել: Եվս մեկ գործոն է արտարժույթի փոխարժեքների փոփոխությունը, որը կարող է դոլարային արտահայտությամբ ազդել այլ արժույթներով՝ հայկական դրամով, ինչպես նաեւ եվրոյով եւ ճապոնական իենով պարտավորությունների վրա: