Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել դերասան Վարդան Պետրոսյանի դեմ ավտովթարից տուժած Հակոբյանների բողոքը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Datalex դատական տեղեկատվական համակարգից:
Հակոբյանների փաստաբան Ռուբեն Բալոյանը, որը դեռ տեղյակ չէր այդ որոշումից, NEWS.am-ին ասաց, որ արդարացի է, որ Վճռաբեկը վարույթ է ընդունել այդ գործը:
«Ճիշտ որոշում է դա, որովհետեւ անարդարություն է տեղի ունեցել, եւ իմ կարծիքով եւ առաջին ատյանի դատարանի, եւ Վերաքննիչի որոշումները պետք է բեկանվեն, ու նոր քննություն իրականացվի»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 20-ին, ժամը 21:20-ին Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար են բախվել: Պատահարի հետեւանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, այդ թվում՝ դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել են:
Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով: Վարդան Պետրոսյանը ձերբակալվել էր: Դատաքննությունը սկսվեց 2014 թվականի մարտի 12-ին: Հայաստանի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հունվարի 29-ին մեղավոր ճանաչեց Վարդան Պետրոսյանին՝ նրան դատապարտելով 5 տարի ժամկետով ազատազրկման:
Դատախազը եւ տուժող կողմը բողոքարկել են առաջին ատյանի որոշումը, սակայն Վերաքննիչը անփոփոխ էր թողել վճիռը:



























