2015 թվականի հունիսի 23-ից Հայաստանում Շենգենյան գոտու բոլոր երկրների դեսպանատները կներառվեն «VIS» համակարգում (վիզային տեղեկատվական համակարգ): Այս մասին հունիսի 19-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ԵՄ-ի պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Դիրք Լորենցը:
«VIS» համակարգը ստեղծվել է վիզային գործընթացների պարզեցման եւ վիզայի դիմելու գործընթացի անվտանգության բարձրացման համար: Այն գոնե մեկ անգամ վիզայի համար դիմած անձանց կենսաչափական տեղեկությունների միասնական կենտրոնացված բազա է:
Դիրք Լորենցի խոսքով, ստացված տվյալները պահպանվում են 5 տարվա ընթացքում, ինչից հետո քաղաքացիները պետք է տվյալների փոխանցման նոր գործընթաց անցնեն, ինչն ընդամենը մի քանի րոպե է տեւում:
Հայաստանում վերջին շրջանում վիզաների տրամադրման ժամկետների երկարաձգման առիթով ասուլիսի մասնակից հյուպատոսները նշեցին, որ փոքր դեսպանությունների համար դժվար է մեծ թվով քաղաքացիների սպասարկել, հատկապես՝ տուրիստական սեզոններին: Աշխատակիցները քիչ են, իսկ փաստաթղթերի ուսումնասիրության համար ժամանակ է հարկավոր: Այդ պատճառով, Հայաստանում Լիտվայի խորհրդական Դովիլե Սուրվիլայտեի խոսքով, «հարկավոր է նախապես ծրագրել արձակուրդը եւ մեկնումից շատ առաջ հանձնել փաստաթղթերը»:
Բանախոսների հավաստմամբ, բազմաթիվ վիզաներ ստացման գործընթացը երկարաձգվում է նաեւ այն պատճառով, որ քաղաքացիներն անուշադիր են լինում փաստաթղթերը հավաքելիս: Ինչ վերաբերում է մերժումներին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հյուպատոսական բաժնի ղեկավար Իվան Սերժեյի խոսքով, քաղաքացիները բանկային հաշիվների մասին ամբողջական տեղեկատվություն չեն տրամադրում, ինչը կարեւոր կետ է վիզա ստանալու համար: Ֆրանսիացի հյուպատոսի համոզմամբ, շատերն էլ մեկնում են երկրից՝ չվերադառնալու նպատակով, այդ պատճառով դեսպանության աշխատակիցները փորձում են սխալներ չանել եւ մանրամասն ուսումնասիրում են տվյալները:



























