Վրաստանում վերջին ժամանակներս արդեն սկսել են կասկածել, որ երկիրը երբեւէ կմտնի Հյուսիսատլանտյան բլոկի կազմ։ Այս մասին Երեւանում հունիսի 19-ին՝ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Rose Roth 89-րդ սեմինարի ժամանակ, հայտարարեց Խաղաղության, ժողովրդավարության եւ զարգացման կովկասյան ինստիտուտի նախագահ, Թբիլիսիի պետական համալսարանի կովկասագիտության միջազգային դպրոցի տնօրեն Գիա Նոդիան։
«Մենք չգիտենք, թե երբ այդ դուռը կբացվի մեզ համար։ Անկեղծ ասած՝ մենք արդեն այդքան էլ վստահ չենք, որ երբեւէ ՆԱՏՕ-ի անդամ կդառնանք։ Հարցը մինչեւ հիմա օդում կախված է մնում։ Մարդիկ արդեն սկսում են հոգնել այդ հարցից»,- նշեց Նոդիան։
Անդրադառնալով ԵՄ անդամ դառնալու հեռանկարներին՝ նա ասաց, որ Վրաստանում ամբողջ ժամանակ Թուրքիայի օրինակն են բերում, որը երկար տարիներ ԵՄ-ի հետ համագործակցելուց հետո այդպես էլ չմիացավ Եվրամիությանը։ «Դա իհարկե հիասթափեցնում է, բայց մենք պետք է ռազմավարական համբերությամբ զինվենք, քանի որ մենք այլընտրանք չենք տեսնում»,- նշեց նա։
Նոդիայի կարծիքով՝ այս պահին Արեւմուտքը անորոշ վիճակում է եւ կողմնակալ մոտեցում է ցուցաբերում մասնավորապես Ուկրաինայի ճգնաժամի կապակցությամբ։ «Արեւմուտքում հասկանում են, որ պետք է մի բան անեն, բայց դեռ չգիտեն, թե ինչ։ Տպավորություն է, թե ռեսուրսները ճիշտ չեն բաշխվում։ ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասում հստակ ռազմավարություն չունի, եւ կազմակերպությունը փորձում է գտնել ոսկե միջինը»,- նշեց Նոդիան։



























