Ամերիկահայ միլիարդատեր, գործարար, բարերար Քըրք Քըրքորյանի կտակի համաձայն՝ նրան պատկանող Tracinda Corporation հոլդինգը պետք է վաճառի MGM Resorts International-ում ունեցած 16 տոկոս բաժնեմասը, գրում է Bloomberg-ը։ Նշենք, որ MGM Resorts International-ին են պատկանում Քըրքորյանի հիմնած խաղատները։
Մոտ 1.78 մլրդ դոլար արժողությամբ արժեթղթերը պետք է վաճառվեն Քըրքորյանի կտակարարի կողմից։ Tracinda ընկերության պաշտոնատար անձը՝ Էնթոնի Մանդեքիքը, ով MGM-ի տնօրենն է, կսկսի վաճառքը այն բանից հետո, երբ պաշտոնապես դառնա Քըրքորյանի կտակի կատարողը։
«Tracinda-ն շարունակում է կարծել, որ MGM Resorts-ի ակտիվները բավական արժեք ունեն, եւ որ ընկերությունում գումար ներդնելը լավ երկարաժամկետ ներդրում է»,- ասված է ընկերության հայտարարության մեջ։ Tracinda-ի մամուլի քարտուղարը հայտնել է, որ վաճառքի համար որեւէ ժամկետներ չկան։
Ընկերությունը իր գործունեությունը սկսել է 1973թ., երբ Քըրքորյանը Լաս Վեգասում կառուցել էր MGM Grand Hotel-ը։ Այսօր MGM Resorts-ը Լաս Վեգասում խաղատների խոշորագույն օպերատորն է։ Ընկերությունը մասնաճյուղեր ունի Չինաստանում։
Հիշեցնենք, որ հայտնի ամերիկահայ գործարար եւ բարերար Քըրք Քըրքորյանը մահացել էր հունիսի 15-ին 98 տարեկան հասակում։



























