Հայաստանը մտադիր արտաքին պարտքեր կուտակել: Այս մասին հունիսի 19-ին խորհրդարանում հայտարարեց ֆինանսների փոխնախարար, հանրապետության գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:

Օրինագիծը նախատեսում է պետական պարտքի պահանջվող սահմաններում ներառել միայն Կառավարության արտաքին պարտքը: Ներկայում այդ պարտքի թույլատրելի սահմանը (ՀՆԱ-ի 60%-ը) ներառում է ե՛ւ Կառավարության, ե՛ւ Կենտրոնական բանկի պարտքերը: Ջանջուղազյանի խոսքով, սակայն, այս երկու կառույցները պետք է անկախ լինեն:

Միաժամանակ, գանձապետի խոսքով, պետք չէ մտածել, որ Կենտրոնական բանկի քաղաքականությունը դուրս է բերվում վերահսկողությունից: ԿԲ-ի պարտքի վերին շեմ չի սահմանվել նաեւ նախկինում: «Միջնորդավորված կախվածություն, իհարկե, կա: Պարզ է, որ եթե ԿԲ-ն արտաքին մեծ պարտք ունենա, ստիպված կլինենք այն փոխհատուցել պետբյուջեի հավելուրդով: Սակայն չի կարելի ուղղակիորեն միմյանց ենթարկել Կառավարության եւ ԿԲ-ի քաղաքականությունները»,- պարզաբանեց Ատոմ Ջանջուղազյանը:

Հարկ է նկատել, որ օրենքում առաջարկվող փոփոխությունը ենթադրում է, որ հիմա Կառավարությունը կարող է ավելի շատ պարտք կուտակել: Սակայն, փոխնախարարի խոսքով, իրականում ոչ ոք այդ չի անի:

«Կարծիքներ հնչեցին, որ մենք արտաքինից անվնաս օրինագիծ ենք պատրաստում, իսկ իրականում ազատ ենք արձակում մեր ձեռքերը՝ վարկեր հավաքելու նպատակով: Բայց մենք չենք պատրաստվում ամեն գնով պարտք վերցնել: Հավատացեք, մեզ էլ ամեն գնով չեն վարկավորի: Եթե միջազգային վարկատուների մոտ մեր վարկունակության մասին դույզն-ինչ կասկած առաջանա, նրանք անմիջապես կանգ կառնեն: Այդ պատճառով պետք չէ կարծել, որ մենք վարկերի նոր ձնագունդ ենք պատրաստում եւ խաչ ենք քաշում երկրի ապագայի վրա»,- հավելեց Ջանջուղազյանը:

Օրինագծի միակ նպատակը պետության ֆինանսական վիճակագրությունը բարելավելն է՝ միջազգային պրակտիկային համապատասխան: