Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հինգշաբթի օրը Փարիզում կայանալիք տիեզերական գագաթնաժողովում հանդես կգա ելույթով, որում կփորձի Եվրամիությունից հիասթափված ֆրանսիացիներին համոզել միավորման առավելությունների հարցում։ Այս ամենը տեղի է ունենեւոմ երկրում եվրասկեպտիկ տրամադրությունների կտրուկ աճի և մոտեցող նախագահական ընտրությունների ֆոնին, գրում է «Politico»-ն։
«Ստեղծվել է «կարմիր տագնապի» մակարդակի իրավիճակ։ Ես երբեք չեմ տեսել, որ Ֆրանսիան այսքան բացասաբար տրամադրված լինի ԵՄ-ի նկատմամբ, որքան հիմա», — պարբերականին հայտնել է եվրոպացի պաշտոնյան։
Նրա խոսքով՝ ֆրանսիացիների համար հիմնական «խրտվիլակները» ներկայումս «Բրյուսելն ու միգրանտներն են»։ Միևնույն ժամանակ, Politico-ն նշում է, ֆոն դեր Լայենի ելույթը կարող է չունենալ այն համաեվրոպական ազդեցությունը, որի վրա հույս ունեն Բրյուսելում։
ԵՀ ղեկավարը ելույթ կունենա Փարիզի Գրան Պալեում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կազմակերպած միջազգային տիեզերական գագաթնաժողովում։ Politico-ի տվյալներով՝ ֆոն դեր Լայենի ուղերձի հիմնական իմաստն այն է լինելու, որ հենց Եվրամիության շնորհիվ են եվրոպական երկրներն ունակ մասշտաբային նախագծեր իրականացնել և մրցակցել համաշխարհային մյուս տերությունների հետ։
Պաշտոնապես ԵՀ-ն հայտնել է, որ ֆոն դեր Լայենը ներկայացնելու է տիեզերական ոլորտում ԵՄ առաջնահերթությունները։ Բրյուսելը մտադիր է շեշտը դնել Եվրոպայի մրցունակության, անվտանգության և կայունության ապահովման գործում տիեզերքի ունեցած դերի վրա։
Politico-ն նկատում է, որ Բրյուսելի համար քաղաքական ֆոնը Ֆրանսիայում մնում է ծայրահեղ անբարենպաստ։ Աջերի առաջնորդ Մարին Լը Պենը գլխավորում է հարցումները հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններից առաջ, իսկ եվրասկեպտիկ Ժան-Լյուկ Մելանշոնը երկրորդ փուլ անցնելու իրական շանսեր ունի։ Լը Պենի հնարավոր հաղթանակը, պարբերականի գնահատմամբ, կարող է լուրջ հետևանքներ ունենալ ԵՄ ապագայի համար։



























