Եմենի հութիներին ընդդիմացող կառավարական երեք պաշտոնյաներ հայտնել են, որ խմբավորումն իր վերահսկողության տակ է վերցրել Կարմիր ծովի ափին գտնվող Մոխա նավահանգստային քաղաքը։ Քաղաքը գտնվում է Բաբ էլ-Մանդեբի նեղուցից 50 մղոնից էլ պակաս հեռավորության վրա, հայտնում է Jerusalem Post-ը՝ վկայակոչելով Reuters-ին։

Ավելի վաղ արաբական ԶԼՄ-ները հայտնել էին, որ հինգշաբթի առավոտյան Եմենի կառավարական ուժերը լքել են քաղաքը՝ հավելելով, որ դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ հութիներն առաջ էին շարժվում դրա ուղղությամբ։ Սոցիալական ցանցերում տարածվել են նաև լուսանկարներ և տեսանյութեր, որոնցում, ըստ հաղորդումների, Մոխայում պատկերված են հութի մարտիկներ։

Պարբերականը նշում է, որ Մոխայի գրավումը կարող է ամրապնդել հութիների վերահսկողությունը Կարմիր ծովի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցի շրջանում։