Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը դեռ 10 տարի առաջ էր խոստացել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ֆիլմ նկարահանել:
Իր սցենարով նկարահանված «Հիշողություն» ֆիլմի պրեմիերայից հետո Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Ցեղասպանության 90-րդ տարելիցին է նման խոստում տվել:
«Ֆիլմում նկարագրված է, թե ինչպես են թուրքերը մեզ վրա ծիծաղում: Դա ապացուցվեց նաեւ ապրիլի 24-ին, երբ Թուրքիան նմանատիպ մեծ տոնակատարություն կազմակերպեց: Բացի դրանից Ցեղասպանության չճանաչելն էլ է ապացուցում, որ թուրքը մեզ վրա ծիծաղում է: Կարծում եմ՝ ֆիլմը շնչում է, արդեն կայացած է եւ շուտով կցուցադրվի տարբեր կինոթատրոններում»,- ասաց Հակոբ Հակոբյանը:
Պրեմիերային ներկա դերասան Սամվել Փիլոյանն էլ նշեց, որ Հակոբ Հակոբյանը մեծ աշխատանք է կատարել՝ նմանատիպ ֆիլմ նկարահանելով:
«Մարդիկ աշխատել են, մենակ խոսելով չի: Ամոթ նրանց, ովքեր կարող էին ավելի լավ ֆիլմ նկարահանել եւ չեն արել: Ֆիլմի ասելիքը, ըստ իս, շատ է, բայց բնականաբար ընդհանուր դիտումից հնարավոր է փոփոխություններ արվել»,- ասաց դերասանը՝ չցանկանալով խոսել ֆիլմի թերությունների եւ բաղթողումների մասին:
Մինչդեռ սիլմի երաժշտության հեղինակ, երգահան Արա Գեւորգյանը կարծում է, որ ֆիլմի համար ստեղծված երաժշտությունը կարող էր ավելի լավ լինել:
«Այնուամենայնիվ, շատ համահունչ է, լացկան չէ, եւ կարծում եմ՝ ֆիլմի ընդհանուր սաունդթրեքի մեջ եթե դուդուկը քիչ լիներ, ավելի լավ կլիներ, սակայն երաժշտությունը գրվել է զուտ Հակոբ Հակոբյանի պնդմամբ: Կարծում եմ՝ շատ հայրենասեր մարդ է եւ շատ մեծ ցանկություն ուներ, որ այսպես լինի, այնպես լինի, եթե շատ ուզենար, երաժշտությունն էլ ինքը կհորիներ»,- ավելացրեց նա:


























