Ռուսաստանը պաշտպանում է Ուկրաինայի ներկայիս սահմանները պահպանելու գաղափարը եւ պնդում է, որ հակամարտության բոլոր կողմերը պետք է կատարեն  Մինսկի համաձայնագրերը։ Այս մասին «Վեստի վ սուբբոտու»-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը։

«Նախագահն ասել է, որ եթե Մինսկի համաձայնագրերում իրեն ինչ-որ ան դուր չգար, ինքը դրանք չէր ստորագրի։ Իսկ նա ստորագրել է, եւ հետեւաբար դա նշանակում է, որ Մինսկի համաձայնագրերը ներուկրաինական հակամարտության կարգավորման իդեալական տարբերակ է»,- ասել է Իվանովը՝ պատասխանելով այն հարցին, թե որտեղով պետք է անցնի Ուկրաինայի հետ սահմանը։

Նա նշել է, որ խոսքը Ուկրաինայի ներկայիս սահմանի մասին է, քանի որ եթե նախկինում աշխարհազորային խմբերը հայտարարում էին անկախություն ձեռք բերելու մասին, ապա հիմա նշում են, որ պատրաստ են մնալ Ուկրաինայի կազմում, եթե կատարվեն Մինսկի համաձայնագրերը։