Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը օբյեկտիվ պատճառներով հիմնավորված է։ Այս մասին Երեւանում հունիսի 20-ին՝ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 89-րդ ֆորումի 3-րդ օրը, հայտարարեց ՀՀ էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը։
«Ես հասկանում եմ, որ էլեկտրաէներգիայի թանկացումը լուրջ սոցիալական հարցեր է առաջ բերում, բայց այլընտրանք չունենք։ Չեմ կարող ասել, թե որքան պետք է լինի թանկացումը, քանի որ դա ՀԾԿՀ հաշվարկների արդյունք է, բայց ստեղծված իրավիճակում սակագնի բարձրացումը պետք է լինի։
Սակագնի բարձրացումը պայմանավորված չէ վատ կառավարման հետ, այլ ունի օբյեկտիվ պատճառներ, եւ առաջին հերթին դրամ-դոլար փոխարժեքի տատանումներն են։ Եվ իհարկե նաեւ այն, որ մենք ցավոք չկարողացանք էժան էլեկտրաէներգիա արտադրել եւ դրա փոխարեն այն արտադրել ենք ջերմաէլեկտրակայանների միջոցով, ինչը մի քանի անգամ ավելի թանկ է»,-նշեց Արեգ Գալստյանը։
Անդրադառնալով հարցին, թե ինչ երաշխիքներ կան, որ ապագայում էլեկտրաէներգիան չի թանկանա, նա ասաց. «Ոչ ոք չի կարող երաշխիքներ տալ, բայց ես հույս ունեմ, որ դա տեղի չի ունենա»։
Հարցին, թե այդ դեպքում ստացվում է, որ բողոքող ցուցարարների պահանջները անհիմն են, նա պատասխանեց. «Կարծում եմ, որ այո»։




























