Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ցանկանում է վստահ լինել, որ Վիկտոր Յանուկովիչին երկրի ղեկավարի կոչումից զրկելու մասին Գերագույն Ռադայի որոշումը անհնար է բողոքարկել աշխարհի որեւէ դատարանում։ Հետեւաբար նա դիմել է Ուկրաինայի Սահմանադրական դատարան՝ խնդրելով ստուգել Ռադայի գործողությունները։ Այս մասին «5-րդ ալիքի» եթերում հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վիտալի Կովալչուկը։

«Մենք վստահ ենք, որ ՍԴ որոշումից հետո նման բողոքարկումն արդեն անհնար կդառնա»,-ասել է նա։

Երկրի նախագահի կողմից դատարան դիմելու մասին հայտնի էր դարձել հունիսի 20-ին։ Պորոշենկոն խնդրել է ստուգել Ռադայի կողմից ընդունված օրենքի սահմանադրականությունը, որով Վիկտոր Յանուկովիչը զրկվել է երկրի նախագահի կարգավիճակից։

Փաստաթղթում նշվում է, որ նախագահի կարգավիճակը պահպանվում է ցմահ, եթե նա պաշտոնանկ չի եղել իմպիչմենթի միջոցով։

Հիշեցնենք, որ Յանուկովիչին նախագահի կոչումից զրկելու մասին օրենքը Պորոշենկոն ստորագրել է եւ այն ուժի մեջ է մտել հունիսի 17-ին, երբ այն հրապարակվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պաշտոնաթերթում։ Օրենքը Ռադան ընդունել է փետրվարի 4-ին։