Ազատության հրապարակում գիշերը նստացույց անողների թիվը եղել է 200 հոգի: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը:
«Գիշերը խաղաղ է անցել, մոտավորապես 200 նստացույցի մասնակից կար գիշերը, իսկ առավոտյան կողմ մնացել էր 150 հոգի: Նստացույցը շարունակվում է, 19:00-ին երթվ կշարժվենք Բաղրամյան 26»,-ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հունիսի 19-ի հավաքի ընթացքում «Ոչ թալանին» նախաձեռնությունը անսպասելիորեն հայտարարել էր, որ եռօրյա նստացույց են սկսում Ազատության հրապարակում՝ իշխանություններին մինչեւ երկուշաբթի երեկոյան ժամը 19:00-ն տալով վերջնաժամկետ. եթե մինչեւ այդ հոսանքի թանկացման որոշումը չեղյալ չհայտարարվի, նրանք կշարժվեն դեպի Բաղրամյան 26:
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:





























