Հունիսի 15-18-ը Հորդանանում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը (նստավայրը` Դամասկոս, Սիրիա) Ամման կատարած այցի շրջանակներում հանդիպումներ ունեցավ Հորդանանի արդյունաբերության, առեւտրի եւ մատակարարման նախարար Մահա Ալիի, բարձրագույն կրթության եւ գիտական հետազոտությունների նախարար, պրոֆեսոր Լաբիբ ալ-Խադրայի, մշակույթի նախարար Լանա Մամկեղի եւ առողջապահության նախարար Ալի Հայասաթի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվեցին տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Անդրադարձ կատարվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2014թ. հոկտեմբերի 29-30-ին ՀՀԹ կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը:
Դեսպան Փոլադյանն իր զրուցակիցներին ներկայացրեց Հայաստանում եւ սփյուռքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները՝ ընդգծելով, որ հայ ժողովուրդը երախտապարտ է արաբ ժողովրդին Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած գաղթականներին ապաստան տրամադրելու եւ նոր կյանք սկսելու հնարավորություն ընձեռելու համար:
Հորդանանի առեւտրաարդյունաբերության պալատի նախագահ Այման Հատահետի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսների եւ գործարար համաժողովների անցկացման հնարավորությունները, ինչը նոր խթան կհանդիսանա Հայաստանի եւ Հորդանանի միջեւ առեւտրա-տնտեսական համագործակցության խորացման համար:





























