Բուրունդիում նռնակներով կազմակերպած մի շարք հարձակումից զոհվել է 4 մարդ, վիրավորվել 30-ը։ Այս մասին հայտնում էAFP-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը։ Հարձակումն իրականացվել է խորհրդարանական ընտրություններից մեկ շաբաթ առաջ։

«Ակնհայտ է, որ այս հարձակումները կապ ունեն մեկը մյուսի հետ։ Սա ահաբեկչություն է, որը կազմակերպել են  նախագահ Պիեռ Նկուրունզիզայի երրորդ նախագահական շրջանի ընդդիմադիրները՝ նպատակ ունենալով ապակայունացնել իրավիճակը եւ խափանել խորհրդարանական ընտրությունները»,- ասել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հիշեցնենք, որ մայիսի սկզբին Բուրունդիում պետական հեղաշրջման փորձ էր տեղի ունեցել։ Բողոքի պատճառը նախագահ Պիեռ Նկուրունզիզայի երրորդ անգամ առաջադրվելու մտադրությունն էր։