Թեւոս Սաֆարյանը (Կայարանի Թեւոսիկ) ոչ գող է, ոչ էլ գողական: Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, ԱԺ-ում լրագրողներին հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան (Սեդրակ) Սարոյանը:

Հարցին, թե ինչ կապեր ունի ինքը քրեական հեղինակություն համարվող Թեւոս Սաֆարյանի հետ, որին օրերս իր ընկերների հետ միասին բերման էին ենթարկել ոստիկանության բաժին, Սարոյանը չթաքցրեց, որ ձերբակալման պահին Թեւոսիկը եղել է իր մեքենայում: «Նա գող չի, Ի՞նչ գողական, ինքն իմ ընկերն ա, Մոսկվայից եկել է նոր եկեղեցու օծմանը: Մոսկվայից հյուր ա եկել, ավտոս տվել եմ։ Հիմա ի՞նչ կապ ունի` ով ա, հո բարեկամից չե՞ս հրաժարվի՝ մեկը մինիստր ա, մեկը նախարար ա, մեկն էլ տենց ա: Դուք ձեր բարեկամից հրաժարվո՞ւմ եք»:

Սարոյանը չհամաձայնեց, որ ոստիկանների կողմից հայտնաբերված ատրճանակը պատկանում է անձամբ Թեւոսիկին: «Դա իրանը չի եղել, ինքը տենց բան չի պահում, իր հետ էլի են մարդիկ եղել, երևի տենց բաներ սիրել են։ Հիմա արել են, կպատժվեն, մեռնեմ օրենքի զորությանը», հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ հունիսի 19-ին ապօրինի հրազեն պահելու կասկածանքով ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն բերման են ենթարկվել Թեւոս Սաֆարյանը՝ «Բենթլի» մակնիշի ավտոմեքենայով, նույն ավտոմեքենայում նրան ուղեկցող Կարեն Բագրատունյանը, որն առավել հայտնի է «Սամբիստ Կարեն» մականվամբ, Հարություն Ալեքսանյանը, որն առավել հայտնի է «Քանաքեռցի Հարութ» մականվամբ, ինչպես նաեւ Սաֆարյանին երեք այլ ավտոմեքենաներով ուղեկցող եւս յոթ անձ:

Բերման ենթարկվածների անձնական խուզարկության արդյունքում՝ «Բենթլի» ավտոմեքենայի մեջ գտնվող, Կարեն Բագրատունյանին պատկանող պայուսակի միջից հայտնաբերվել է առանց գործարանային համարի «ՏՏ» տեսակի ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտով:

Նույն ավտոմեքենայի վարորդ Արմեն Ղարիբյանին պատկանող պայուսակի միջից հայտնաբերվել է եւս 1 հատ առանց գործարանային համարի «ՏՏ» տեսակի ատրճանակ` լիցքավորված 5 փամփուշտով:

Ուղեկցող անձանցից մեկի մոտ հայտնաբերվել է շագանակագույն չորացված զանգված: