ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր նամակ է ստացել Եվրախորհրդարանի կրթության եւ մշակույթի հանձնաժողովի նախագահ Սիլվիա Կոստայից, նույն հանձնաժողովի անդամ Քրիստինա Լիբացկայից եւ ԵԽ բյուջետային հանձնաժողովի անդամ Էռնեստ Մառագալից, որում վերջիններս իրենց շնորհակալությունն են հայտնել ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը եւ Բոլոնիայի քարտուղարությանը` մայիսի 14-15-ը Երեւանում անցկացված Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովը եւ Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումը գերազանց կազմակերպելու եւ անցկացնելու համար: "Երեւանյան գագաթաժողովը ոչ միայն կարեւոր եւ վճռական էր 2012 թվականի Բուխարեստի գագաթաժողովից հետո գրանցած առաջընթացը քննարկելու, այլ նաեւ բարձրագույն կրթության դերի եւ դրա հետագա զարգացման եւ համագործակցության տեսակետից` ԵԲԿՏ նոր մարտահրավերների համատեքստում: Մենք նաեւ շնորհակալություն ենք հայտնում ԵԽ-ի դիրքորոշումը նախարարական համաժողովին ներկայացնելու հնարավորության համար: Այն շատ կարեւոր հնարավորություն էր` կիսել պետական մարմինների եւ այլ շահագրգիռ կողմերի տեսակետները, որ Եվրախորհրդարանը մատնանշել էր հռչակագրի` Բոլոնիայի գործընթացի իրականացման հետագա գործողությունների հատվածում»:
Նամակում նշվում է, որ 2015 թ. ապրիլի 28-ի լիագումար նիստում ԵԽ բանաձեւը եւ Երեւանյան քննարկումները բացահայտել են միասնական մոտեցումները: «Ըստ էության, մենք ուրախ ենք հավաստել, որ քննարկումը եւ Երեւանյան կոմյունիկեի կարեւոր եզրակացությունները փաստում են նախարարական համաժողովի եւ Եվրոպական խորհրդարանի միասնական մոտեցումները` ԵԲԿՏ-ի ապագային միտված նպատակների, մարտահրավերների, գերակայությունների եւ գործիքների ստեղծման տեսանկյունից",-մասնավորապես, նշված է նախարարին ուղղված նամակում:
Նշենք, որ ԵԽ բանաձեւում անդրադարձ է կատարված ուսանողների շարժունության, կրթության իրավունքի, բարձրագույն կրթության մատչելիության, ազգային որակավորումների շրջանակի համապատասխանեցման, ուսանողներին պրակտիկ գիտելիքների ապահովման, կրթության ֆինասնավորման եւ այլ խնդիրների:





























