Երեւանի Ազատության հրապարակում քիչ անց սպասվում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող «Ոչ թալանին» նախաձեռնության հրավիրած բողոքի երթը դեպի Բաղրամյան 26: (ֆոտոռեպորտաժ)
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մինչեւ երթի սկսվելը՝ ակցիայի մասնակիցներին մոտեցավ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը եւ հորդորեց անօրինական գործողությունների չդիմել:
«Ձեր մեջ շատ են երիտասարդները, որոնք ծանոթ չեն հավաքների մասին օրենքին: Հետեւաբար, ձեր գործողություններն անօրինական եւ հորդորում ենք զերծ մնալ անօրինական գործողություններից: Բացի դրանից՝ սա պատմամշակութային արժեք է ներկայացնում եւ չեք կարող այստեղ ակցիա կամ նստացույց անել»,- ասաց Օսիպյանը:
Երեւանի փոխոստիկանապետին չհաջողվեց համոզել ցուցարարներին:
«Մեր երթը խաղաղ բնույթ է կրում եւ բախման մասին խոսք լինել չի կարող»,- հայտարարեցին ակցիայի մասնակիցները:
Քիչ անց կսկսվի բողոքի երթը: Ցուցարարներին են միացել տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:
Նշենք, որ ցուցարարները պահանջում են կասեցնել հոսանքի թանկացման վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը, հակառակ դեպքում խոստանում են դիմել անհնազանդության: Հունիսի 20-ին նախաձեռնությունը տարածել էր հայտարարություն, որի համաձայն՝ այսօր սպասվում է բողոքի երթ դեպի Բաղրամյան 26:
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:





























