Հունիսի 22-ին Ստրասբուրգում մեկնարկեց ԵԽԽՎ ամառային նստաշրջանը, որի ընթացքում, ըստ սահմանված կարգի, ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ, Բոսնիայի ԱԳ նախարար Իգոր Ցրնադակը ելույթ ունեցավ խորհրդաժողովի անդամների առջեւ եւ պատասխանեց նրանց հարցերին։

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Գանիրա Փաշաեւան, իհարկե հնարավորությունը բաց չթողեց եւ հարց ուղղեց ՄԻԵԴ-ի կողմից «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործով կայացրած վճռի վերաբերյալ։

ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Իգոր Ցրնադակը պատասխանեց, որ բացի ադբեջանցի պատգամավորի կողմից նշված «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործից, ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել նաեւ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով:

Ցրնադակը` նշելով, որ Նախարարների կոմիտեն հետեւում է վճիռների իրականացման ընթացքին, միաժամանակ ընդգծեց, որ խնդրի կարգավորման միջնորդական առաքելությունն իրականացնում է  ԵԱՀԿ Մինսկի խումբը, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը ԵԽ-ին անդամակցության պահից համատեղ պարտավորություն են ստանձնել հիմնախնդիրը լուծելու խաղաղ ճանապարհով:

ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահի պատասխանը, փաստորեն, հաստատում է, որ անկախ ՄԻԵԴ վերոհիշյալ որոշումից, ղարաբաղյան հիմնախնդրի կագարվորման գործընթացը ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում։