Ի՞նչ գիտեք ոստիկաններն են պրովոկացիա արել, կարող է ցուցարարներն են պրովոկացիա արել։ Մի  հոգին ինադու սարքել ա, որ սաղին հանի իրար դեմ։ Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, ԱԺ-ում  հայտարարեց պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս)՝ պատասխանելով լրագրողների այն հարցերին, թե ինչպես է նա գնահատում ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունը։

Լրագրողի այն դիտարկմանը, թե Լեւոն Երանոսյանի հրահանգով ծեծի է ենթարկվել 1in.am լրատվականի օպերատորը, Մովսիսյանը պատասխանեց. «Ես չեմ տեսել, չեմ հավատում, որ Երանոսյան Լյովան տենց բան կանի»։ Նա կարծում է, որ ցուցարարներն են սադրել բախումը։ «Դուք ամեն ինչը վերագրում եք ժողովրդին։ Կարող ա ես մի անշնորհք բան անեմ, դա էլ վերագրեք ժողովդրին։ Ոչ, տենց չի։ Մի անհատ իրան լավ չի պահել, իսկ դուք վերագրում եք ժողովրդին»,- ասաց նա։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե բռնությունը մասսայական է եղել, Առաքելյանը պատասխանեց. «Ուրեմն մի  հոգին ինադու սարքել է, որ սաղին հանի իրար դեմ։ Ինչ գիտեք ով ա ում վրա հարձակվել։ Եթե գրաժդանսկի շորերով են եղել, ուրեմն իրանք սարքած լինեն իրար մեջ,  ինչ գիտեք ոստիկան են եղել էդ գրաժդանսկի շորեր հագածները։ Սաղ էլ ունեն գրաժդանսկի շոր ու սարքել են պրավակացիան։ Ինչ գիտեք, որ թեւը կապած ա ուրեմն ոստիկա՞ն ա»,- հայտարարեց Մովսիսյանը։ 

Հարցին, թե ինչպես է նա վերաբերվում այն հանգամանքին, որ ոստիկանները ջուր են շփել ցուցարարների վրա, նա պատասխանեց. «Շոգ ա ջուր են շփել»։