Օմբուդսմենի ներկայացուցիչները Ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկացնում են, որ այս պահին բաժնում  8 ցուցարար է գտնվում` Սամվել Ղազարյանը,  Արման Վադանյանը,  Կարեն Բրուտյան, Շանթ Քերբաբյանը, Արմեն Հարությունյանը, Գեղամ Օհանյանը, Մոնթե Մաթեւոսյանը ու Գեղամ Ասատրյան (ֆոտոռեպորտաժ):

Նույն բաժին բերման էին ենթարկվել լրագրողներ Վահե Հարությունյանը եւ Սերժ Սիսերյանը, որոնք արդեն իսկ ազատ են արձակվել:

Նշենք, որ չորս օր տեւած նստացույցից հետո հունիսի 22-ին ավարտվել էր «Ոչ թալանին» նախաձեռնության՝ իշխանություններին տված վերջնաժամկետը, եւ ցուցարարները մեծ բազմությամբ շարժվել էին դեպի Բաղրամյան պողոտա։ Ոստիկաննեը փակել էին պողոտան, ինչից հետո նստացույց էր սկսվել։ Հունիսի 23-ին վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենայի օգնությամբ ցրել են ցույցը, ապա բերման ենթարկել ակտիվիստների եւ լրագրողների: Բերման է ենթարկվել 237 քաղաքացի: Քրեական գործ է հարուցվել «խուլիգանություն» հոդվածի հատկանիշներով:

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: