Բերման ենթարկված ցուցարարների կողմից թմրամիջոցների կամ ալկոհոլի օգտագործման վերաբերյալ բժշկական փորձաքննությունների նշանակման վերաբերյալ կայացված որոշումները անհիմն են եւ անօրինական, քանի դեռ չեն ներկայացվում դրանք հիմնավորող փաստեր: Այս մասին հայտարարություն է տարածել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (ֆոտոռեպորտաժ):
«Այդ պատճառով ոստիկանության կողմից բերման ենթարկված անձանց հորդորում ենք հրաժարվել մասնակցել փորձաքննություններին, իսկ ոստիկանության աշխատակիցներին՝ դադարեցնել անօրինական փորձաքննությունները բերման ենթարկած անձանց նկատմամբ»,-ասված է հայտարարությունում:
Նշենք, որ հոսանքի թանկացման դեմ ակցիայի բերման ենթարկված մասնակիցներին տանում են նարկոդիսպանսեր՝ ստուգման:
Նշենք, որ չորս օր տեւած նստացույցից հետո հունիսի 22-ին ավարտվել էր «Ոչ թալանին» նախաձեռնության՝ իշխանություններին տված վերջնաժամկետը, եւ ցուցարարները մեծ բազմությամբ շարժվել էին դեպի Բաղրամյան պողոտա։ Ոստիկաննեը փակել էին պողոտան, ինչից հետո նստացույց էր սկսվել։ Հունիսի 23-ին վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենայի օգնությամբ ցրել են ցույցը, ապա բերման ենթարկել ակտիվիստների եւ լրագրողների:
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:
Հիշեցնենք, որ ոստիկանության բաժիններ են տարվել «Հետքի», «Գալա» հեռուստաընկերության, «Հայկական Ժամանակ» օրաթերթի, news.am-ի և panarmenian.net-ի լրագրողները: Բախումների հետեւանքով հիվանդանոց բուժօգնության է դիմել 18 հոգի, 237 քաղաքացի բերման է ենթարկվել: Հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ խուլիգանություն:





























