Ազատ դեմոկրատներ կուսակցությունը խստորեն դատապարտում է այսօր վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայում ՀՀ ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացված բռնություններ (ֆոտոռեպորտաժ):

«Ակնհայտ է, որ ոստիկանությունն իրականացրել է ապօրինի գործողություններ՝ փորձելով բռնի ուժով կանխել ՀՀ քաղաքացիների խաղաղ նստացույցը: Ոստիկանությունը փաստացիորեն ոտնահարել է ՀՀ քաղաքացիների խաղաղ երթեր, ցույցեր իրականացնելու ազատությունը՝ կիրառելով ոչ համաչափ եւ ոչ իրավական միջամտություն: Ավելին՝ առանց որեւէ օրինական հիմքի ոստիկանության տարբեր բաժանմունքներ են տարվել ավելի քան 237 քաղաքացի:

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը կոչ է անում ՀՀ իշխանություններին անհապաղ ազատ արձակել ոստիկանության բաժանմունքներում գտնվող ՀՀ քաղաքացիներին եւ քայլեր ձեռնարկել այս հակաօրինական բռնություններ իրականացնելու համար պատասխանատու անձանց պատժելու ուղղությամբ»,-ասված է հայտարարությունում:

 Նշենք, որ չորս օր տեւած նստացույցից հետո հունիսի 22-ին ավարտվել էր «Ոչ թալանին» նախաձեռնության՝ իշխանություններին տված վերջնաժամկետը, եւ ցուցարարները մեծ բազմությամբ շարժվել էին դեպի Բաղրամյան պողոտա։ Ոստիկաննեը փակել էին պողոտան, ինչից հետո նստացույց էր սկսվել։ Հունիսի 23-ին վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենայի օգնությամբ ցրել են ցույցը, ապա բերման ենթարկել ակտիվիստների եւ լրագրողների:

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:

Հիշեցնենք, որ ոստիկանության բաժիններ են տարվել «Հետքի», «Գալա» հեռուստաընկերության, «Հայկական Ժամանակ» օրաթերթի, news.am-ի եւ panarmenian.net-ի լրագրողները: Բախումների հետեւանքով հիվանդանոց բուժօգնության է դիմել 18  հոգի, 237 քաղաքացի բերման է ենթարկվել: Հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ խուլիգանություն: