Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից վաղ առավոտյան արագ արձագանքման խումբը մեկնել է ոստիկանական բաժիններ եւ հիվանդանոցներ: ՄԻՊ-ի լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ խմբեր են մեկնել Ոստիկանության Երեւանի Ավան, Նոր Նորք, Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա եւ Կենտրոնի բաժիններ, ինչպես նաեւ Աբովյան, Աշտարակ: Մեզ փոխանցեցին, որ քանի որ ոստիկանության տարբեր բաժիններում շատ մարդիկ կան, ՄԻՊ-ի այլ բաժիններից եւս միացել են Արագ արձագանքման խմբին, որպեսզի կարողանան այցելել բոլոր բաժիններ: ՄԻՊ-ից այցելել են նաեւ հիվանդանոցներ:
Մեզ փոխանցեցին, որ բերման ենթարկվածների վերաբերյալ տեղեկատվությունը ստանալուն պես կտարածեն:
Նշենք, որ չորս օր տեւած նստացույցից հետո հունիսի 22-ին ավարտվել էր «Ոչ թալանին» նախաձեռնության՝ իշխանություններին տված վերջնաժամկետը, եւ ցուցարարները մեծ բազմությամբ շարժվել էին դեպի Բաղրամյան պողոտա։ Ոստիկաննեը փակել էին պողոտան, ինչից հետո նստացույց էր սկսվել։ Հունիսի 23-ին վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենայի օգնությամբ ցրել են ցույցը, ապա բերման ենթարկել ակտիվիստների եւ լրագրողների:
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:
Հիշեցնենք, որ ոստիկանության բաժիններ են տարվել «Հետքի», «Գալա» հեռուստաընկերության, «Հայկական Ժամանակ» օրաթերթի, news.am-ի և panarmenian.net-ի լրագրողները: Բախումների հետեւանքով հիվանդանոց բուժօգնության է դիմել 18 հոգի, 237 քաղաքացի բերման է ենթարկվել: Հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ խուլիգանություն:





























