Հոսանքի թանկացման դեմ պայքարող ակտիվիստների նստացույցը ցրելիս դաժան բռնության ենթարկված աղջկան բժիշկը հրաժարվում է օգնել: 1in.am-ի տարածած տեսանյութում երեւում է, թե ինչպես է աղջիկը ցավից լացում, իսկ բժիշկը նրան չի օգնում:

Սկզբում բժիշկը մոտենում է աղջկան եւ պահանջում ոտքի կանգնել, սակայն վերջինս ասում է, որ ցավում է եւ չի կարող ոտքի կանգնել: Բժիշկը տեսնելով, որ աղջիկն իրեն չի ենթարկվում, թողնում է եւ հեռանում:

Երեւանի «Շտապօգնություն» ՓԲԸ-ի ղեկավար Թագուհի Ստեփանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ տեսանյութում երեւացող տղամարդը ոչ մի կապ չունի իրենց հետ, իրենք նման աշխատակից չունեն: Մեկնաբանության համար դիմել ենք նաեւ առողջապահության նախարարությանը, որպեսզի պարզենք, թե ով է տեսանյութում երեւացող բժիշկը:

Նշենք, որ «Շտապօգնության» ծառայություն ունեն նաեւ Երեւանի մի շարք հիվանդանոցներ, սակայն տեսանյութում երեւացող բժշկի համազգեստը որեւէ շտապօգնության համազգեստին նման չէր:

Առողջապահության նախարարության լրատվական ծատռայությունից մեզ փոխանցեցին, որ անկախ ամեն ինչից, եթե բժիշկը մարդուն անհրաժեշտ բուժօգնութհուն չի ցուցաբերում, դատապարտելի է, ԱՆ-ից կփորձեն պարզել մնացած հանգամանքները եւ համապատասխան քայլեր կձեռնարկեն:

Նշենք, որ չորս օր տեւած նստացույցից հետո հունիսի 22-ին ավարտվել էր «Ոչ թալանին» նախաձեռնության՝ իշխանություններին տված վերջնաժամկետը, եւ ցուցարարները մեծ բազմությամբ շարժվել էին դեպի Բաղրամյան պողոտա։ Ոստիկաննեը փակել էին պողոտան, ինչից հետո նստացույց էր սկսվել։ Հունիսի 23-ին վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենայի օգնությամբ ցրել են ցույցը, ապա բերման ենթարկել ակտիվիստների եւ լրագրողների:

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:

Հիշեցնենք, որ ոստիկանության բաժիններ են տարվել «Հետքի», «Գալա» հեռուստաընկերության, «Հայկական Ժամանակ» օրաթերթի, news.am-ի եւ panarmenian.net-ի լրագրողները: Բախումների հետեւանքով հիվանդանոց բուժօգնության է դիմել 18  հոգի, 237 քաղաքացի բերման է ենթարկվել: Հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ խուլիգանություն: