Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում հունիսի 23-ին հետաձգվել է 15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանի սպանության գործով քննությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց գործով ամբաստանյալ Կարեն Կունգուրցեւի փաստաբան Արայիկ Պապիկյանը:

«Նիստը հետաձգվել է, քանի որ ես չեմ կարողացել ներկայանալ: Երեւանում եմ եւ զբաղվում եմ Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված քաղաքացիների գործերով»,- ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Կարեն Կունգուրցեւը 2013թ. հոկտեմբերի 12-ին ժամը 18:00-ի սահմաններում կենցաղային հողի վրա վիճաբանել է եւ ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու դիտավորությամբ դանակով մեկ անգամ հարվածել է Դավիթ Հովակիմյանի կրծքավանդակին` վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ, սակայն վերջինիս ընկերների` օգնության հասնելուց հետո Կարենը դիմել է փախուստի: Դեպքից անմիջապես հետո Դ. Հովակիմյանը տեղափոխվել է «Վանաձոր ԲԿ» ՓԲԸ, որտեղ ժամը 21:35-ին մահացել է: Կարենին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նշենք, որ Դավիթը Վանաձոր էր մեկնել՝ հանդբոլի Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու համար: