2015թ. հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի մասնակիցների ստացած մարմնական վնասվածքների հանգամանքները պարզելու նպատակով, զանգվածային լրատվամիջոցների էլեկտրոնային կայքէջերից զննվել եւ հարուցված քրեական գործի նյութերին են կցվել մի շարք հրապարակումներ եւ դեպքերի վերաբերյալ տեսաձայնագրություններ:
Հայաստանի դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, թե 2015թ. հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը` սկսած ժամը 19.30-ից տեւական ժամանակ մի խումբ անձինք, անօրինական հավաք, երթ, ապա նաեւ նստացույց կազմակերպելով Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայում, ամբողջությամբ խափանել են հասարակական տրանսպորտի երթեւեկությունը, բազմաթիվ քաղաքացիների ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքը, խաթարել անդորրը` դրանով իսկ դիտավորությամբ խախտել են հասարակական կարգը;
Նկատի ունենալով, որ նկարագրվածի պայմաններում առկա է քրեական գործ հարուցելու օրինական առիթը եւ հիմքը` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության` խուլիգանության հանցակազմի հատկանիշների առերեւույթ առկայության մասին բավարար տվյալներ, ուստի 22.06.2015թ. Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:
22.06.2015թ. քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե` նախաքննություն կատարելու համար:
Դեպքերի մասնակիցների ստացած մարմնական վնասվածքների հանգամանքները պարզելու նպատակով, զանգվածային լրատվամիջոցների էլեկտրոնային կայքէջերից զննվել եւ քրեական գործի նյութերին են կցվել մի շարք հրապարակումներ եւ դեպքերի վերաբերյալ տեսաձայնագրություններ:
Քննչական կոմիտեում ստեղծվել է քննչական խումբ` բաղկացած 20 քննիչներից:
Կատարվել է դեպքի վայրի զննություն: Ոստիկանության կողմից բերման ենթարկված անձանցից ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից հարցաքննվել է շուրջ 40 անձ, մի շարք անձանց հարցաքննություններ ընթացքի մեջ են:
Նշանակվել են դատաբժշկական, նյութագիտական եւ քրեագիտական փորձաքննություններ:
Կատարվել է հարցում Երեւանի քաղաքապետարան, օպերատիվ հանձնարարականներ են տրվել ՀՀ ոստիկանության բաժիններին եւ Երեւան քաղաքի վարչությանը:
Նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի վարույթում:





























