Խորհրդարանը չպետք է խուսափի սուր թեմաների շուրջ քննարկումներից։ Այս մասին հունիսի 23-ին ԱԺ-ում հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ ներկայացնելով գազամատակարարման համակարգի նկատմամբ պատգամավորական վերահսկողության օրինագիծը։ Նախագիծը կազմել են ՀՅԴ եւ «Ժառանգություն» կուսակցությունների պատգամավորները եւ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով՝ հայ հասարակությունը չի հավատում եւ չի հասկանում, թե ինչու է տարածաշրջանում էլեկտրաէներգիայի ամենաբարձր սակագինը հենց այստեղ, եւ չի հասկանում, սակագները ծառայություններին համարժեք են թե ոչ։ «Պատգամավորները պետք է իրենց վրա մոնիթորինգի եւ հսկողության գործառույթ վերցնեն, որպեսզի մարդկանց տեղեկություն տրամադրեն, որին մարդիկ կարող են վստահել։ Մի՛ վախեցեք ժողովրդի հետ խոսել ցավոտ թեմաներից»,- ասաց Մինասյանը։





























