Իշխանության ներկայացուցիչները  չպետք է դիսերտացիա պաշտպանելու իրավունք ունենան։ Այս մասին հայտարարեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ խորհրդարանում 2-րդ ընթերցմամբ ներկայացնելով «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Այլ խոսքով ասած՝ երկրի 500 բարձրաստիճան պաշտոնյա չեն կարող գիտական աստիճան ստանալ։

Միաժամանակ նրանք չեն զրկվում գիտությամբ զբաղվելու իրավունքից եւ կարող են գիտական հետազոտություններ անցկացնել եւ աշխատանքներ հրապարակել։ «Պաշտոնաթող լինելուց հետո դա նրանց կարող է պետք գալ, եթե նրանք որոշեն հավակնել գիտական աստիճանի»,- հայտարարեց Աշոտյանը։

Թեկնածուներն ու դոկտորները կարող են նախարարներ դառնալ, բայց ոչ հակառակը։ «Գործող պաշտոնյաները պետք է սպասեն։ Դա վերաբերում է նաեւ ինձ»,- հայտարարեց նախարարը։

Հիշեցնենք, որ վերջին մեկուկես տարում հասարակության շրջանում բուռն բացասական արձագանք էր առաջ բերել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի դիսերտացիաների պաշտպանությունը։ Խաչատրյանը իր դիսերտացիան «բարեհաջող պաշտպանել» էր արտասահմանում, իսկ Մարգարյանի դիսերտացիայի պաշտպանությանը լրագրողներին թույլ չէին տվել ներկա գտնվել շատ «գիտական» արտաքինով մի խումբ երիտասարդներ։ Նրանցից մեկը հետո նշանակվել էր նույն այդ ԲՈՒՀ-ի պռոռեկտոր, ընդ որում՝ նրա բարի անունը պաշտպանում էր ինքը՝ Աշոտյանը։