Հայկական կողմ որեւէ ադրբեջանական զինծառայող չի անցել: Այդ մասին Facebook-ի իր էջում գրառում է արել Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե երկու զինվոր մոլորվել եւ անցել է Հայաստանի տարածք:
«Ադրբեջանական մամուլում տեղ գտած լուրերի մասին, հայտնում ենք, որ ադրբեջանական զինծառայողների մոլորվելու փաստը չենք բացառում, ինչը հետեւում է Կարմիր խաչի երեւանյան գրասենյակի միջնորդությունից:
Այսօր ժամը 15:00-ին Կարմիր խաչի երեւանյան գրասենյակը դիմել է ՀՀ ՊՆ-ին, երաշխիքներ տրամադրելու համար, որպեսզի Տավուշի մարզի Վազաշեն գյուղի սահմանահատվածի դիմաց գտնվող ադրբեջանական ԶՈւ-երի մերձդիրքային հատվածից, դուրս բերվեն ականային հավանական վիրավորումներ ստացած երկու ադրբեջանցի զինծառայողների մարմինները: ՀՀ ՊՆ կողմից երաշխիքները տրամադրվել են անմիջապես, իսկ գործընթացները նման դեպքում ադրբեջանական կողմին հայտնի են:
Հայտնում ենք, որ հայկական կողմ որեւէ ադրբեջանական զինծառայող չի անցել»,- գրել է Հովհաննիսյանը:
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, թե ԱՀ Ղազախի շրջանում երկու ժամկետայիններ՝ կրտսեր սերժանտ Մուսա Սաբիրօղլու Մուսաեւն ու Թուրալ Սահիբօղլու Յոլչուեը մոլորվել են անցել են Հայաստանի տարածք, մինչդեռ անգամ Կարմիր խաչի խնդրանքից կարելի է եզրակացնել, որ ադրբեջանցի զինծառայողները պայթել են հենց իրենց դիրքերի մոտ, ականի վրա:





























