Այս իշխանությունները էներգետիկ ցանցերի համակարգում պետական դավաճանություն են գործել դեռ Քոչարյանի ժամանակ: Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, որը Ազատության հրապարակ էր եկել մասնակցելու էլեկտրաէներգիայի թանկացման դեմ անցկացվող բողոքի ակցիային:
«Բաշխիչ ցանցերը պետությունը որոշել է վաճառել Հարություն Փամբուկյանին՝ 25 միլիոն դոլարով, որից հետո Փամբուկյանը 75 միլիոնով վաճառել է այն: Դա կազմակերպված հանցագործություն է եւ պետության դավաճանություն: Համոզված եմ, որ Սերժ Սարգսյանը տեղյակ է այդ մասին, ավելին, գիտի թե այդ գումարները ում մոտ են գնում, ում գրպանն են գնում եւ սպասել, որ այդ թանկացումները չեն լինի անհեթեթություն է»,-ասաց նա:
Արամ Սարգսյանի կարծիքով՝ էլեկտրաէներգիայի թանկացման պատճառը ՀԷՑ-ի ներսում վատ տնտեսական կառավարումն է, եւ այս թանկացումները շարունակական բնույթ են կրելու:
«Եթե այդ կազմակերպությունը վատ է կառավարել տնտեսական առումով, հենց թանկացման էլ բերում է վատ կառավարումը: Այդ գումարները եթե տանք էլ այս հիմնարկը մեկ է, սնանկ է մնալու»,-ասաց նա:
Արամ Սարգսյանը նշեց, որ էլեկտրաէներգիայի գինը կարող է ավելի թանկանալ, խնդիրն այն է, որ բնակչությունը վճարունակ չէ:
«Եթե իշխանությունները՝ նախագահը, վարչապետը, չեն հասկանում, որ ազգը վճարունակ չէ, այդ թանկացումների տակից չեն կարող դուրս գալ»,-ասաց նա:
Նշենք, որ չորս օր տեւած նստացույցից հետո հունիսի 22-ին ավարտվել էր «Ոչ թալանին» նախաձեռնության՝ իշխանություններին տված վերջնաժամկետը, եւ ցուցարարները մեծ բազմությամբ շարժվել էին դեպի Բաղրամյան պողոտա։ Ոստիկաննեը փակել էին պողոտան, ինչից հետո նստացույց էր սկսվել։ Հունիսի 23-ին վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենայի օգնությամբ ցրել են ցույցը, ապա բերման ենթարկել ակտիվիստների եւ լրագրողների:
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:
Հիշեցնենք, որ ոստիկանության բաժիններ են տարվել «Հետքի», «Գալա» հեռուստաընկերության, «Հայկական Ժամանակ» օրաթերթի, news.am-ի եւ panarmenian.net-ի լրագրողները, «Արմենիա» ՀԸ լրագրողն ու օպերատորը: Բախումների հետեւանքով հիվանդանոց բուժօգնության է դիմել 18 հոգի, 237 քաղաքացի բերման է ենթարկվել: Հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ խուլիգանություն:





























