ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը խոստանում է, որ Բաղրամյան պողոտայում կանգնած` էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիների նկատմամբ որեւէ ուժ ոստիկանությունը չի կիրառի, եթե ցուցարարները պահպանեն խաղաղ ակցիայի կանոնները, ոչինչ չնետեն ոստիկանների ուղղությամբ, եւ «մաքրեն իրենց մեջ գտնվող սադրիչներին»։

Այս մասին ՀՀ փոխոստիկանապետը բարձրախոսով հայտարարեց Բաղրամյան պողոտայում։ Նա նաեւ խոստացավ փոխանցել ցուցարարներից մեկի առաջարկը` նախագահի առաջարկած մի քանի հոգանոց խմբի հետ հնարավոր հանդիպումն ամբողջությամբ ցուցադրել ուղիղ եթերում։

Նշենք, որ չորս օր տեւած նստացույցից հետո հունիսի 22-ին ավարտվել էր «Ոչ թալանին»  նախաձեռնության՝ իշխանություններին տված վերջնաժամկետը, եւ ցուցարարները մեծ բազմությամբ շարժվել էին դեպի Բաղրամյան պողոտա։ Ոստիկաննեը փակել էին պողոտան, ինչից հետո նստացույց էր սկսվել։ Հունիսի 23-ին վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենայի օգնությամբ ցրել են ցույցը, ապա բերման ենթարկել ակտիվիստների եւ լրագրողների:

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: