Հայաստանի ոստիկանությունը 1 օրով հանգստի է ուղարկել Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին, դա է պատճառը, որ այս պահին Օսիպյանը Բաղրամյան պողոտայում չէ: Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան  Պողոսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչն է պատճառը, որ Օսիպյանի փոխարեն այսօր ինքն է բանակցում ակտիվիտների հետ (ֆոտոռեպորտաժ):

«Ես չեմ բանակցում, զրուցում եմ, իսկ Օսիպյանին որոշել ենք այսօր  հանգիստ տալ»,-ասաց նա:

Ակտիվիստների  հետ զրույցում Հունան Պողոսյանը նրանց առաջարկեց հանրային դեմքերի հետ քննարկել իրենց անելիքբները եւ բանակցությունների գնալ:

Հունան Պողոսյանը նաեւ նշեց, որ ակտիվիստների մեջ սադրիչներ կան՝ մասնավորապես դիմակով ակտիվիստները հայտնի սադրիչներ են:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս պահին ակտիվիստները հայրենասիրական երգեր են երգում:

 Նշենք, որ չորս օր տեւած նստացույցից հետո հունիսի 22-ին ավարտվել էր «Ոչ թալանին»  նախաձեռնության՝ իշխանություններին տված վերջնաժամկետը, եւ ցուցարարները մեծ բազմությամբ շարժվել էին դեպի Բաղրամյան պողոտա։ Ոստիկաննեը փակել էին պողոտան, ինչից հետո նստացույց էր սկսվել։ Հունիսի 23-ին վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենայի օգնությամբ ցրել են ցույցը, ապա բերման ենթարկել ակտիվիստների եւ լրագրողների:

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:

Հիշեցնենք, որ ոստիկանության բաժիններ են տարվել «Հետքի», «Գալա» հեռուստաընկերության, «Հայկական Ժամանակ» օրաթերթի, NEWS.am-ի եւ panarmenian.net-ի լրագրողները, «Արմենիա» ՀԸ լրագրողն ու օպերատորը: Ցույցի ժամանակ ծեծի են ենթարկվել 1in.am-ի օպերատորները:

Բախումների հետեւանքով հիվանդանոց բուժօգնության է դիմել 18  հոգի, 237 քաղաքացի բերման է ենթարկվել: Հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ խուլիգանություն: