Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա անցկացնող ակտիվիստները պնդում են, որ ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանի հայտարարությունը ցուցարարների մոտ սառը զենք հայտնաբերելու մասին ընդամենը սադրանք է:

Ցուցարարներից Անի Նավասարդյանը NEWS.am-ի հետ զրույցում Հունան Պողոսյանին կոչ արեց ապացուցել իր հայտարարության իսկությունը:

«Իրենք շատ բան կարող են ասել, պետք է ապացուցեն, եթե գտնեն էլ զենք, դա իրենց սադրանքն է, որովհետեւ այստեղ քաղաքացիներ են եկել, որոնք գիտակից են եւ որեւէ մեկը կռիվ տալու համար չի եկել: Մենք չենք հեռանալու, մնալու ենք այնքան, մինչեւ մեր պահանջը կատարվի»,-ասաց նա՝ նշելով, որ ոստիկանությունը ամեն կերպ փորձում է սադրել` իրենց Բաղրամյան պողոտայից հեռացնելու համար:

Նշենք, որ Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիան շարունակվում է արդեն 17 ժամ:

Չորս օր տեւած նստացույցից հետո հունիսի 22-ին ավարտվել էր «Ոչ թալանին»  նախաձեռնության՝ իշխանություններին տված վերջնաժամկետը, եւ ցուցարարները մեծ բազմությամբ շարժվել էին դեպի Բաղրամյան պողոտա։ Ոստիկաննեը փակել էին պողոտան, ինչից հետո նստացույց էր սկսվել։ Հունիսի 23-ին վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենայի օգնությամբ ցրել են ցույցը, ապա բերման ենթարկել ակտիվիստների եւ լրագրողների: Նույն օրը երեկոյան ժամը 20։00–ի մոտ ցուցարարները կրկին Ազատության հրապարակից երթով շարժվեցին դեպի Բաղրամյան 26։ Ոստիկանները կրկին փակեցին նրանց ճանապարհը։ Կեսգիշերից հետո ցուցարարներին աջակցություն հայտնելու եւ նրանց ու ոստիկանների միջեւ կենդանի պատ կազմելու նպատակով բաղրամյան պողոտա եկան պատգամավորներն ու շոու բիզնեսի աստղերը։ Նրանց մի մասը լուսացրել է Բաղրամյան պողոտայում։

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: