Առաջիկայում Շվեդիայում կբացվի աշխարհում առաջին սննդի բանկը: Նոր նախագծի նպատակն է՝ բարելավել Ստոքհոլմի սոցիալական ոլորտը եւ աջակցել մայրաքաղաքի անապահով բնակիչներին:

Սննդի բանկը կամ «սոցիալական սուպերմարկետը» խանութ է, որտեղ բոլոր ապրանքներն ավելի ցածր գնով են վաճառվելու: Գաղափարի հեղինակը՝ «Ստոքհոլմի քաղաքային առաքելությունը» բարեգործական կազմակերպությունը, շվեդական մատակարարների հետ պայմանավորվել է, որ այն մթերքները, որոնց պիտանելիության ժամկետն ավարտին է մոտենում, ուղարկվեն «սոցիալական սուպերմարկետ» եւ վաճառվեն ավելի ցածր գնով:

Ըստ RG-ի, խանութը փչացած կամ ժամկետանց մթերքներ չի վաճառելու: Եվրոպական օրենսդրության համաձայն, պարենամթերքի փաթեթավորման վրա երկու նշում կա. «Պիտանի է մինչեւ» եւ «Օգտագործել մինչեւ»: Առաջին դեպքում, եթե փաթեթավորման վրա նշված ժամկետն անցել է, մթերքը պիտանի չի համարվում:

Երկրորդ դեպքում, նույնիսկ ժամկետն անցնելուց հետո, մթերքի պահպանման բոլոր կանոններին հետեւելու պարագայում, մթերքը կարելի է օգտագործել: Այդպիսի ապրանքները կարելի է ուղարկել «սոցիալական սուպերմարկետ»: Այդպիսով, «Ստոքհոլմի քաղաքային առաքելություն»-ը հույս ունի նաեւ լուծել սննդային թափոնների հարցը, որոնք օրական 622 հազար տոննա են կազմում: