Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման քննարկել են լուրերն այն մասին, որ ամերիկյան Ազգային անվտանգության գործակալությունը (ԱԱԳ) վեց տարի շարունակ լրտեսել է ֆրանսիական առաջնորդներին: Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել են Ելիսեյան պալատում:
Gazeta-ի փոխանցմամբ էլ, Օբաման Օլանդին վստահեցրել է, որ իշխանությունները հրաժարվել են Ֆրանսիայի քաղաքական ղեկավարությանը գաղտնալսելու պրակտիկայից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից Ֆրանսիայի ղեկավարության հեռախոսները գաղտնալսելու շուրջ սկանդալի առիթով ֆրանսիական ԱԳՆ-ն կանչել է այդ երկրում ԱՄՆ դեսպանին: Wikileaks-ի հրապարակած փաստաթղթերի համաձայն, ամերիկյան ԱԱԳ-ն վեց տարի շարունակ լրտեսել է Ժակ Շիրակին, Նիկոլա Սարկոզիին եւ Ֆրանսուա Օլանդին:





























