Երեւանի Բաղրամյան պողոտայում ցույցի մասնակիցներն այժմ ծնունդ են նշում։ Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, այսօր «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանի ծննդյան օրն է, եւ ցուցարարները որպես նվեր տորթ են բերել «Ձեր թալանը մեր Վաղոյի ջրցանին չի» գրառումով։
Ցուցարարները նույնիսկ ոստիկանապետին էին հրավիրում ծննդյան օրը նշելու։
Նշենք, որ հունիսի 23-ի երեկոյան, ժամը 19:00-ից քաղաքացիները հավաքվել են Բաղրամյան պողոտայում, փակել այն եւ պահանջում են կասեցնել հունիսի 17-ին կայացրած որոշումը:
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:

































