Խորթ հոր սպանության համար մեղադրվող, ազգությամբ եզդի, 25-ամյա Մաքսիմ Բաքոյանը սպանության պահին եղել է հոգեկան առողջ վիճակում, նրա մոտ աֆեկտիվ վիճակ չի արձանագրվել: Դատաբժշկական փորձաքննության այս եզրակացությունը հրապարակեց գործով դատական հերթական նիստին Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում։
Դատաբժշկի այս եզրակացությունը վրդովեցրեց ամբաստանյալի շահերի պաշտպան Մամիկոն Մուրադյանին, որը դատարանին ներկայացեց գործով վկաներից մի քանիսի ցուցմունքները, որտեղ վկաները գրել էին, որ Մաքսիմը դեպքի պահին գտնվել է նյարդային վիճակում եւ ունեցել է փսխումներ, վկայություններ, որոնք, ըստ փաստաբանի, նախաքննական մարմինն անտեսել է։
Դատական նիստի ընթացքում ընթերցվեցին մի քանի վկաների նախաքննական ցուցմունքները, որոնցից առանցքայինը Մաքսիմ Բաքոյանի մորաքրոջ` Բասե Շարոյանինն էր, որին արդեն մի քանի անգամ դատարանն ապարդյուն փորձում է բերման ենթարկել։
Ցուցմունքում Մաքսիմի մորաքույրը պատմել էր ողբերգական դեպքի մանրամասները. «Մենք գնացել էին քրոջս գերեզմանին, հետո վերադարձանք տուն, հաց կերանք ու Մաքսիմն իջավ ներքեւ,հետո Էվիլիան (խմբ. Մաքսիմի սպանված մոր նախկին ամուսինը) եկավ, որ ջուրը սարքեր, ու ասեց, որ Մաքսիմը կանչել է, իջնում է ներքեւ, ես իրա հետեւից իջա, տեսա, որ Մաքսիմը մի տղայի հետ մոտեցավ Էվիլիային ու րոպեներ անց այդ տղան գնաց: Մաքսիմը սկսեց բարձր խոսել Էվիլիայի հետ, հետո սկսեցին իրար քաշքշել, Մաքսիմն ասում էր` դու ես մորս սպանել, ու ես տեսա Մաքսիմի ձեռքին փայլող մի բան, որով խփեց Էվիլիային, Էվիլիան մի քանի քայլ գնաց ու ընկավ, ես վախից չոքեցի ու գոռացի` օգնություն, հետո հարեւանները եկան, հասան, Մաքսիմին պահում էին, որ չխփի, բայց Մաքսիմը վազեց ու սկսեց հարվածել ոտքերով»։
Նախաքննական ցուցմունքում Բասե Շարոյանը նաեւ պատմել էր Մաքսիմի հոր եւ խորթ հոր միջեւ վեճի պատմությունը։ Նա գրել էր, թե Մաքսիմը իմացել է, որ մորը Թուրքիայում խորթ հոր եղբայրը սպանել է հենց եղբոր պատվերով, ու վրեժ լուխծել։
Մյուս երեք վկաները` Արմեն Չիլինգարյանը, Գառնիկ Մկրտչյանը եւ Դավիթ Մուրադյանը, իրենց նախաքննական ցուցմունքում գրել էին, որ Մաքսիմը վիճաբանության ժամանակ ոտքերով հարվածել եւ գոռացել է, որ իրեն չբռնեն, թողնեն հարվածի, քանի որ «Էվիլիան սպանել է իր մորը եւ ինքն էլ պետք է սպանի այդ թուրքին»:
Դատական հաջորդ նիստը կկայանա հունիսի 29-ին:
Հիշեցնենք, որ ազգությամբ եզդի Մաքսիմ Բաքոյանի մորը՝ Մայա Բաքոյանին, 2013թ. Թուրքիայում սպանել էր ամուսնու՝ ազգությամբ քուրդ Էվիլիա Գյուլիշթեքինի եղբայրը՝ կնոջ 4 տարեկան որդու աչքի առջև հրազենային մահացու վնասվածք հասցնելով հարսին: Մարտի 15-ին Մաքսիմը, որը մինչեւ այդ Գերմանիայում էր ապրում, վերադարձել էր Գյումրի և իր երկու հարազատ քույրերի, խորթ հոր եւ նրա 2 զավակների հետ ապրում էր Գյումրիում: 2014թ. մարտի 15-ին նա դանակահարելով սպանել էր խորթ հորը։ Սպանությանն ականատես էր եղել Մաքսիմի մորաքույրը, որը NEWS.am-ին պատմել էր, որ Մաքսիմը դանակը մտցրել է խորթ հոր սիրտը, երբ վերջինն ասել է, որ Թուրքիա է գնալու՝ նրա մոր արյան փողը վերցնելու: Մաքսիմը, ըստ մորաքրոջ, խորթ հոր խոսքերից ենթադրել էր, որ նրա պատվերով է եղբայրը սպանել իր մորը եւ որոշել է վրեժ լուծել: Մաքսիմ Բաքոյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Բաքոյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։





























