Գյումրեցի Լյովա Ալմաստյանը զորակոչվելուց առաջ պատշաճ չհետազոտվելու հետեւանքով այժմ հայտնվել է «Կանազի» կայազորային-կլինիկական հոսպիտալում: Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին, 2015թ. ամառային զորակոչի թափանցիկության եւ օրինականության ապահովման նպատակով ստեղծված հանձնաժողովի առաջին նիստին ասաց նրա եղբայրը՝ զորակոչիկ Արա Ալմաստյանը:

Արա Ալմաստյանը նշեց, որ իրեն եւս պիտանի են ճանաչել ծառայության համար, չնայած ինքը եւս հոգեկանի հետ խնդիրներ ունի, իր մոտ ախտորոշվել է վեգետանոթային դիստոնիա՝ աչքի, ուսի անկանոն թարթումներ, եւ արագ բռնկվում է:

«Որ բզբզում են, նեղվում, խփում եմ, գիշերները լավ չեմ քնում, գլխացավեր ունեն: Ախպերս հիմա Կանազի հոգեբուժարանում ա պառկած: Իրեն էլ էին իմ նման պիտանի ճանաչել, բայց ես ուզում եմ հետազոտվել, բուժվել, նոր գնալ ծառայելու: Էս խնդիրը մանկուց կա իմ մոտ: Աչքերս հա թարթում եմ, ուսերս էլ»,- ասաց զորակոչիկը:

Հանձնաժողովում ներգրավված փորձագետ բժիշկը եւ հոգեբանը Արա Ալմաստյանի հետ տեղում խոսելուց հետո միջնորդեցին նրան  հետազոտել մասնագիտացված հոգեբուժական կլինիկայում՝ հաշվի առնելով այն, որ նրա մոտ առկա է ժառանգական նախատրամադրվածություն:

«Զրուցեցի հետը, հոգեկանը ծանրաբեռնված չէ, բայց կան կոմպլեքսներ այն մտքից, որ իր ծառայակիցները կարող են ծիծաղել իր վրա: Հետո եղբայրը հիմա հոգեբուժարանում է, պետք է հետազոտել, կարող է ժառանգական լինել»,- ասաց հոգեբան Խաչատուր Գասպարյանը:

Հանձնաժողովի նախագահ Գեղամ Հարությունյանը եւս կողմ էր, որ Արա Ալմաստյանը պետք է նյարդաբանական հետազոտություն անցնի:

«Ինքը պետք է գործ ունենա զենքի հետ, հարաբերվի իր ծառայակիցների հետ: Ես կցանկանայի, որ Արան հավելյալ հետազոտվի»,- ասաց նա:

Հանձնաժողովի որոշմամբ՝ Արա Ալմաստյանը հավելյալ հետազոտություն կանցնի:

Նշենք, որ այսօր հանձնաժողովի կքննարկի 27 դիմում-բողոք: