Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը և Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը հունիսի 24-ին Կապանում տեղի ունեցած նստացույցը չեն փորձել ցրել, լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Հրայր Խաչատրյանը` հերքելով այնուամենայնիվ, հաստատելով, որ նրանք այցելել են ցուցարարներին։
«Տեղեկությունները, թե իբր մեր մարզպետն ու քաղաքապետը սպառնացել են երեկ նստացույց անողներին, փորձել են ցրել այն, իրականությանը չեն համապատասխանում։ Ուղղակի մարզպետը եկավ, մի քանի րոպե նստեց մեզ հետ, իր առաջարկություններն արեց։ Նա ասաց, որ կարելի է նստել այնպիսի տեղ, որտեղ կան նստարաններ, որտեղ կարելի է սուրճ խմել և այլն, նա ավելի շատ մտահոգված էր նստացույցին մասնակցող երիտասարդների առողջությամբ»,-ասաց նա։
Հրայր Խաչատրյանը տեղեկացրեց, որ այսօր Կապանի քաղաքապետարանի դիմացի այգում ժամը 18։30-ին կրկին տեղի է ունենալու բողոքի ակցիա՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման։
«Նույնիսկ կան խմբեր, որոնք այսօր մինչև ժամը 24։00-ն ժամանակ են տվել իշխանություններին, որպեսզի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրաման մասին որոշումը չեղարկեն, հակառակ դեպքում ռադիկալ քայլերի կգնան, օրինակ՝ կփակեն Կապանով անցնող միջազգային մայրուղին»,-ասաց նա։
.jpg)






























