Հունաստանի ֆինանսական գլխավոր վարչությունը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Գերմանիայի կողմից Աթենքին հասցված վնասը գնահատում է 9 մլրդ եվրո։ Այս տվյալները ներկայացրել է պատերազմական փոխհատուցումների հարցերով խորհրդարանական հանձնաժողովը, հայտնում է Աթենքի լրատվական գործակալությունը։
Մինչ այս պահը գերատեսչությունը գնահատել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Գերմանիայի հասցրած վնասը։
Ըստ արխիվային տվյալների՝ Գերմանիան Առաջին համաշխարհային պատերազմից Հունաստանին պարտք է մնացել 486 մլն եվրո, ինչը այսօրվա գներով հավասար է 9 մլրդ եվրոյի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ընդհանուր վնասից Հունաստանին փոխհատուցվել էր 1.5 տոկոսը, քանի որ Գերմանիան դադարել է վճարումներ իրականացնել Լոզանի կոնֆերանսից հետո, որտեղ որոշումները կայացնում էին գերտերությունները։
Սակայն Հունաստանը, որը այդ որոշման տակ չի ստորագրել, կարծում է, որ իր հավակնություններն ուժի մեջ են մնում։




























