Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանին Ազգային ժողով հրավիրելու հարցը կախված է Ավետիսյանների սպանության գործով զարգացումներից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:

Նա նշեց, որ Աղվան Հովսեփյանին ԱԺ հրավիրելը ինքնանպատակ չէ, պետաիրավական հանձնաժողովի անդամները նիստի ժամանակ հարց էին բարձրացրել, որ քննարկման առարկա դառնա նաեւ Պերմյակովի գործը: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի լինի օրենսդրական նախաձեռնություն, որից հետո պետք է նամակով դիմեն եւ հրավիրեն ՔԿ ղեկավարին:

«Կամ աշխատանքային քննարկում կկազմակերպենք, կամ լսումներ, դեռ չգիտենք: Երեկվանից հետո նոր իրավիճակ է ստեղծվել, զարգացումներից է կախված, եթե անհրաժեշտություն լինի եւ նպատակահարմար գտնենք, ապա անպայման կհրավիրենք պատկան մարմիններին, դա արդեն կլինի աշնանը, քանի որ այժմ ԱԺ-ն արձակուրդում է»,-ասաց պատգամավորը:

Նշենք, որ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակությանը։

Զրույցի ընթացքում Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի իրավապահ մարմիններին եւ, մասնավորապես՝ դատախազությանը այս տարի հունվարին Գյումրիում կատարված անմարդկային հանցագործության հետաքննության կազմակերպման հարցերով Հայաստանի դատախազության հետ արդյունավետ փոխգործակցության համար:

Սպանության մասով գործը Հայաստանի քննչական կոմիտեի վարույթ հանձնելու որոշումը եւ Հայաստանի համապատասխան ատյանի կողմից հետագա դատաքննությունը, ըստ Հանրապետության նախագահի, անկասկած, արտացոլում է գործընկերության եւ եղբայրության ոգին եւ լիովին համապատասխանում է Հայաստանում տեղակայված ռուսական ռա

Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր: Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Մինչեւ օրս հարազատների համար անհայտ են սպանության պատճառները: Նրանց համար կասկածելի է նաեւ սպանության մեջ մեղադրվող անձը, արդյոք նա միայնակ է գործել եւ ինչպես է կարողացել միայնակ սպանել ընտանիքի 7 անդամներին: Փետրվարի 3-ին ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը բողոքի ակցիայի ճնշման ներքո միջնորդությամբ դիմել էր ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային՝  Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած դաժան սպանության դեպքով հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահներին փոխանցելու հարցով: