Այսօր` հունիսի 27-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամը հանդիսավորությամբ բացեց Քարին Տակ գյուղի /ԼՂՀ Շուշիի շրջան/ նորակառույց համայնքային կենտրոնը, որը կյանքի է կոչվել Հիմնադրամի Արգենտինայի տեղական մարմնի /հովանավորներ` Դեվեճիէան ընտանիք, Էքսերճիէան ընտանիք, Քիրքոր Շիմշիրողլու/ եւ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ:
Համայնքի համար նշանակալից օրվան առանձնակի ջերմություն էր հաղորդել արգենտինահայ բարերարներ Նշան Դեվեճիէանի, Քիրքոր Շիմշիրողլուի, Պողոս Էքսերճիէանի ներկայությունը, ովքեր հայրենիք են ժամանել մասնակցելու իրենց հովանավորած ծրագրերի բացումներին:
Երկհարկանի ժամանակակից կառույցը զարդարում է գյուղի մուտքը: Համալիր այս կենտրոնում այսուհետ կտեղակայվեն գյուղի բուժկետը, գյուղապետարանը, իսկ գրադարանի, համակարգչային սենյակի եւ հանդիսությունների դահլիճի առկայությունը գյուղում նոր որակ կհաղորդի համայնքի կյանքին:
Հայաստանի եւ Արցախի գյուղերում գործող այսօրինակ համայնքային կենտրոնները` մեկ տանիքի տակ մեկտեղելով կարեւորագույն ենթակառուցվածքները, օգնում են ավելի արդյունավետ կազմակերպել համայնքի կենցաղը եւ տեղում լուծել շատ հարցեր:
2014թ.-ին արգենտինահայ բարերարների միջոցներով նորոգվել է գյուղի դպրոցի մարզադահլիճը: Համայնքային կենտրոնի բացման առիթով էլ դպրոցականները գեղեցիկ սպորտային համազգեստներ ստացան Դեվեճիէան ընտանիքի կողմից:
Ավելի քան 660 բնակիչ ունեցող Քարին Տակը` շնորհիվ Հիմնադրամի, այսօր ունի նաեւ շուրջօրյա ջրամատակարարում, որը ներքին ցանցով հասանելի է համայնքի 160 տնտեսություններին: Քարին Տակցիների հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է, բնակիչների մի մասն էլ աշխատում է Շուշի քաղաքում, որը գտնվում է գյուղից վեց կմ հեռավորության վրա:
Քարին Տակը հայտնի է իր հերոսամարտով, որի ընթացքում գյուղացիները 1992 թ-ին համառորեն դիմադրելով ադրբեջանական զինյալների հարձակմանը` հերոսաբար ետ են մղել թշնամուն եւ ազատագրել հայրենի գյուղը, որը գյուղապետ Մխիթար Առուշանյանի խոսքով` այն ժամանակ միակ հայկական գյուղն էր Շուշիի շրջանում:
Նշենք, որ տարեսկզբից Հայաստանում եւ Արցախում Հիմնադրամի ջանքերով արդեն իսկ բնակիչների կողմից շահագործվում են Պատարա, Խանցք, Խաչմաչ, Շոշ /ԼՂՀ Ասկերանի շրջան/ գյուղերի նորակառույց համայնքային կենտրոնները, Սասունիկ համայնքի նորակառույց մանկապարտեզը /ՀՀ Արագածոտնի մարզ/ եւ Գյումրիի ՙԵրեխաների տուն՚ մանկատան նորակառույց փակ լողավազանը /Շիրակի մարզ/: Առաջիկայում էլ կբացվեն Տավուշի մարզի Կիրանց գյուղի ոռոգման ջրագիծն ու Խաչարձան գյուղի դպրոցը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1992թ-ին եւ կոչված է խթանելու մարդասիրական օգնությունը եւ ենթակառուցվածքների զարգացումը ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում: Հիմնադրամն ունի 25 տեղական մարմին ամբողջ աշխարհում:





























