«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ իրենք պատասխանատու չեն կարգազանց անձանց արարքների համար, ովքեր գտնվում են խաղաղ հավաքի տարածքում։

«Հարգելի հայրենակիցներ, «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը եւս մեկ անգամ հիշեցնում է, որ բողոքի ակցիան կրում է խաղաղ բնույթ եւ իրականացվում է օրենքի շրջանակներում։ Ակցիայի մասնակիցները չեն օգտագործում ալկոհոլ խաղաղ հավաքի ժամանակ, սադրանքների չեն տրվում, աչալուրջ են եւ պահպանում են հանգստություն։

Մենք պատասխանատու չենք այն կարգազանց անձանց արարքների համար, ովքեր գտնվում են խաղաղ հավաքի տարածքում»,-ասված է նախաձեռնության տարածած հայտարարության մեջ:

Նշենք, որ հունիսի 23-ին վաղ առավոտյան ցուցարարների նկատմամբ ոստիկանության կիրառած ուժից հետո մարդիկ կրկին հավաքվել եւ ավելի մեծ քանակությամբ շարունակում են նստացույցը Բաղրամյան պողոտայում։

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: Քաղաքացիները հունիսի 22-ին երեկոյան 19:00-ից նստացույց են սկսել Բաղրամյան պողոտայում՝ պահանջելով անհապաղ կասեցնել էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ հունիսի 17-ին Հանրային ծառայություննները կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշումը: