Գիտնականների հավաստմամբ, առնետները կարող են երազի մեջ տեսնել իրենց նախընտրած վայրերը մարդկանց նման, որոնք երազում զբոսնում են այն վայրերում, որտեղ կցանկանային լինել: Այսինքն՝ առնետները նույնպես կարող են քնի մեջ երազել:
Լոնդոնի համալսարանական քոլեջի դասախոս Հյուգո Սփիրսը պարզել է, որ եթե այդ կենդանիներին ուտելիք ցույց տան թունելի վերջում, որի միջով նրանք չեն կարող անցնել, իսկ հետո քնեցնեն, նրանց ուղեղում դեպի համեղ ուտելիքը տանող ճանապարհ հարթելու համար նեյրոններ կարթնանան:
Մասնագետներին հայտնի է, որ ուղեղի որոշ հատվածներ համապատասխանում են նեյրոնների տարբեր համադրություններին, որոնք միասին սկսում են գործել: Քնած ժամանակ գիտնականն էլեկտրոդների միջոցով գրանցել է առնետների պահվածքը: Քնից հետո կենդանիներին վերադարձրել են լաբիրինթոս, բայց արդեն առանց ճաղերի եւ ուտելիքի:
Սակայն, ըստ VistaNews-ի, նրանք գնացել են նույն ուղիով, որտեղ նախորդ անգամ տեսել են ուտելիքը: Այդ ընթացքում առնետների ուղեղում գործել են նույն նեյրոնները, ինչ քնած ժամանակ:





























