Նախիջեւանի հետ սահմանին հունիսի 25-26-ին հակառակորդի կրակոցից երկու զինծառայող է վիրավորվել: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ երկու վիրավորներն էլ պայմանագրային զինծառայողներ են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, վիճակն արդեն կայուն է: Զինծառայողները գտնվում են Սիսիանի հոսպիտալում, ավելի վաղ վիրահատել են:

Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ այս հատվածում մոտ մեկ տարի է՝ հակառակորդը չէր խախտել հրադադարի ռեժիմը, բայց միեւնույն ժամանակ, սադրանքները ինչ-որ առումով ընկալելի են, քանի որ Բաքվում ավարտվում են եվրոպական խաղերը: «Հակառակորդի գործողությունները անպատիժ չեն մնա»,-ասաց ՊՆ խոսնակը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 26-ին,  ժամը 18:30 սահմաններում հակառակորդը ՀՀ Նախիջեւանյան սահմանի Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառելով նաեւ մեծ տրամաչափի զենքեր, ակտիվ կրակ է վարել: Հայկական կողմի պատասխան կրակից հետո հակառակորդը կրել է բազմաթիվ կորուստներ, սակայն մարտի ընթացքում ցավոք զոհվել է նաեւ ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային պայմանագրային Արման Մայիսի Եփրեմյանը, ծնված 1987թ: