Արդեն 6-րդ օրն է, ինչ Գյումրիում շարունակվում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիան եւ նստացույցը: NEWS.am-ի Գյումրիի թղթակիցը հաղորդում է, որ ցուցարաներին են միացել նաեւ արցախյան ազատամարտի մասնակիցները:
Ազատամարտիկները նշեցին, որ Թատերական հրապարակ են եկել խրախուսելու երիտասարդներին:
NEWS.am-ի հետ զրույցում ազատամարտիկ Գեւորգ Ալիխանյանը նշեց, որ իրենք չեն հավատում ՀԷՑ-ում աուդիտի անցկացմանը եւ համոզված են, որ դրանից հետո էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում, այնուամենայնիվ, կլինի:
«Մենք չենք հավատում աուդիտին, հերթական անգամ փոշի են փչում քաղաքացիների աչքերին, հոսանքը կթանկացնեն ու երեւի շնորհակալ լինենք, որ եռակի անգամ չեն թանկացնի: Մենք երիտասարդների կողքից չենք հեռանա այնքան ժամանակ, մնչեւ վստահ չլինենք, որ երիտասարդները հաղթելու են»,-ասաց նա՝ նշելով, որ չի կարելի նման կերպ վարվել ժողովրդի հետ:
Նշենք, որ գյումրեցիները չնայած անձրեւոտ եղանակին շարունակում են բողոքի ակցիան: Ցուցարարներին են միացել նաեւ հոգեւորականներ եւ մշակույթի գործիչներ:
Հիշեցնենք, որ Երեւանում ընթացող բողոքի ակցիաներին եւ նստացույցին զուգահեռ Գյումրիում նույնպես ակցիաներ են կազմակերպվել:
Նշենք, որ հունիսի 23-ի երեկոյան ժամը 19:00-ից քաղաքացիները հավաքվել են Բաղրամյան պողոտայում, փակել այն եւ պահանջում են կասեցնել հունիսի 17-ին կայացրած որոշումը:
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:




































