Կեսգիշերից հետո Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի մասնակիցները դադարեցրել են երաժշտությունը, որ չխանգարեն հարակից շենքերի բնակիչների անդորրը։

Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, ցուցարարների մի մասը կամ պատրաստվում է  քնել, մյուս մասն էլ խմբերով հավաքված զրուցում կամ խաղեր են խաղում։

Քաղաքական գործիչներից եւ հայտնի մարդկանցից բաղկացած կենդանի պատը շարունակում է մնալ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ գտնվող հատվածում, թեեւ այսօր նկատելի է, որ նրանց թիվը նվազել է։

Չեզոք գոտում նստացույցի նախաձեռնող խմբի անդամները շրջան են կազմել եւ քննարկում են հետագա անելիքները։

Քիչ առաջ տարածքում շրջում էր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, այնուհետ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը։

Նշենք, որ Բաղրամյան պողոտայում արդեն վեցերորդ օրն է, շարունակվում է բողոքի ակցիան, ցուցարարները այսօր մերժել են Սերժ Սարգսյանի առաջարկները։

Նշենք, որ հունիսի 23-ի երեկոյան ժամը 19:00-ից քաղաքացիները հավաքվել են Բաղրամյան պողոտայում, փակել այն եւ պահանջում են կասեցնել հունիսի 17-ին կայացրած որոշումը:

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: